Նորություններ

ՉԺՀ պատվիրակության այցը ՀՀ կրթության և գիտության նախարարություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարի տեղակալ տիկին Ճան Իճընի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ ԿԳ նախարարը նշել է, որ Չինաստանի հետ Հայաստանը կրթական համագործակցության արդյունավետ փորձ է կուտակել, մասնավորապես երկկողմ հարաբերությունները վերջին տարիներին զարգացում են ապրում:

Չինական պատվիրակության ղեկավարը հատուկ ընդգծել է, որ Չինաստանում մեծ տարածում ունի միջին մասնագիտական կրթությունը, որը պետության կողմից դիտվում է սոցիալական ապահովության կարևոր երաշխիք: Հյուրի խոսքով՝ տնտեսության և ենթակառուցվածքների ոլորտներում աշխատողները հիմնականում միջին որակավորում ունեցող մասնագետներ և վարպետներ են, բուհերում սովորողների մեջ նույնպես մեծաթիվ են ՄԿՈՒ ոլորտի կադրերը, ովքեր աշխատաշուկայի պահանջներից ելնելով հետագայում կրթությունը շարունակում են բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Պատվիրակության կազմում ընդգրկված Շանհայի քաղաքապետարանի ներկայացուցիչը ԿԳ նախարարին ներկայացրել է Շանհայ քաղաքի կրթական համակարգը՝ նշելով, որ այնտեղ ևս մեծ տեղ են գրավում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները: Չինական պատվիրակության ներկայացուցիչները նշել են, որ կարևորում են 2021 թվականին <<Աշխարհի հմտություններ>> մասնագիտությունների միջազգային մրցույթի անցկացումը Շանհայում: