Նորություններ

Կրթության եվ տնտեսության համագործակցությունը մարզերում

Ս.թ. հոկտեմբերի 23-ին, Տավուշի մարզում՝ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում, տեղի ունեցավ «Կրթության և տնտեսության համագործակցությունը մարզերում» թեմայով համաժողով։

Համաժողովը հրավիրվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Բիզնես և կրթություն-համագործակցություն» հիմնադրամի (ԲԿՀ) հետ համատեղ գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում։

Համաժողովին մասնակցում էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության  Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Ուտե Ֆոկը, «Բիզնես և կրթություն-համագործակցություն» հիմնադրամի հիմնադիր և գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի ղեկավար Մարինե Ժամկոչյանը, Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի տնօրեն Անուշավան Մակարյանը, «Սեյվ դը Չիլդրեն»  ծրագրի «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ հմտություններ ապագայի համար» ծրագրի ղեկավար Անուշ Կոստանյանը, Սեյվ դը չիլդրեն Հայաստանի շահերի պաշտպանության փորձագետ Լիլիթ Չիթչյանը, ինչպես նաև Տավուշի մարզպետարանի, գործատուների ներկայացուցիչներ, ՀՀ մարզերում գործող ՄԿՈւ հաստատությունների տնօրեններ և այլոք։

Համաժողովի նպատակն էր նպաստել կրթության և տնտեսության միջև երկխոսության և համագործակցության զարգացմանը Տավուշի մարզում՝ համախմբելով ՄԿՈւ ոլորտի և գործարար հատվածի, ինչպես նաև մասնագիտական կրթության ոլորտում գործող տեղական և միջազգային ծրարգրերի ներկայացուցիչներին։

Տավուշի մարզպետ Հ.Չոբանյանը իր ելույթում կարևորեց երիտասարդների շրջանում մասնագիտական կրթության խրախուսումը և մոտիվացումը՝ սկսած ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացումից մինչև մասնագիտության ընտրությունը։ Անհրաժեշտ է աջակցել երիտասարդներին սեփական նախաձեռնությունների իրականացմանը ուղղված քայլերին՝ կարևորելով գիտելիքի և մասնագիտության ձեռք բերումը։

Հ.Չոբանյանը նշեց նաև Տավուշի մարզում մասնագիտական կրթության ոլորտում առկա խնդիրները, այդ թվում մի շարք մասնագիտությունների գծով մասնագետների բացակայությունը, օրինակ՝ անտառի մասնագետներ, գյուղատնտեսներ, անասնաբույժեր, անասնաբույծեր, շինարարներ։

Մարզի տնտեսության, աշխատաշուկայի զարգացման և միգրացիայի կանխարգելման համար անհրաժեշտ է գրավիչ դարձնել մասնագիտական կրթությունը՝ նպաստելով ուսանողների  մասնագիտական գործնական հմտությունների զարգացմանը, ուսուցման կազմակերպմանը  գործատու ընկերություններում։

Գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի տարածաշրջանային ղեկավար Ուտե Ֆոկը ներկայացրեց  գերմանական ծրագրի նպատակները և  նրա շրջանակում կատարվող գործողությունները։ Տիկին Ֆոկը նշեց, որ համամիտ է պարոն Չոբանյանի հետ՝ գործատուների ներգրավվածության անհրաժեշտությունը մեծ է ՄԿՈւ ուսուցման մեջ և անհրաժեշտ է ոչ միայն տեսական, այլև գործնական ուսուցում իրականացնել, որ կարևոր է գտնել ուղիներ՝ ՄԿՈՒ-ն դարձնելու արդյունավետ նաև մարզերում, ինչպես դա իրականացվում է Գերմանիայում։

Նա ուրախ է, որ ՄԿՈւ կրթության բարելավմանն ուղղված ,,ՄԿՈւ – համագործակցություն՛՛ ծրագրի  տարբեր միջոցառումներում և գործողություններում ներգրավված են նաև կառավարության, գործարարների, ՄԿՈՒ հաստատությունների կողմից ներկայացուցիչներ։ «Եվ եթե նախկինում ծրագրի գործողություններում ներգրավված էին գործատուներ, ՄԿՈւ հաստատություններ,  մեզ պակասում էր երրորդ կողմի՝ պետական մարմինների ներգարավվածությունը, ապա այսօր երրորդ կողմը մեզ հետ է, հանձին Տավուշի մարզպետի։ Եվ աշխատանքների արդյունավետ իրականացմանը կնպաստեն այս երեք կողմերի՝  պետական մարմիննեիր, կրթական հաստատությունների և գործատուների համատեղ ջանքերը, իսկ կրթությունը բարելավելու մեր գործը կդառնա էլ ավելի հաջող և արդյունավետ»,-նշեց տիկին Ֆոկը։

«Բիզնես և կրթություն-համագործակցություն» հիմնադրամի հիմնադիր և գերմանական «Մասնագիտական կրթություն և ուսուցում (ՄԿՈւ)-համագործակցություն Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան ղեկավար Մարինե Ժամկոչյանը ներկայացրեց Հայաստանում  գերմանական ՄԿՈւ ծրագրի գործունեությունը, որը գործում է արդեն երեք տարի։ Ծրագրի նպատակն է նպաստել մասնագիտական կրթության զարգացմանը ՄԿՈւ հաստատություններում գերմանական դուալ կրթական համակարգի ներդրման միջոցով՝  խթանելով Հայաստանում երիտասարդների մասնագիտական գործնական հմտությունների ու գիտելիքների զարգացմանը։

Մ. Ժամկոչյանը նշեց ծրագրի կողմից իրականացված տարբեր միջոցառումներ ինչպես ուսանողների, այնպես էլ ՄԿՈւ հաստատությունների տնօրենների համար։ Դրանցից մեկն էլ օգոստոսին Գերմանիայում կազմակերպված դասընթացավարների (մուլտիպլիկատորների) վերապատրաստման դասընթացներն էին, որին մասնակցում էին 13 ներկայացուցիչներ՝ ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ և գործատուներ։

Ծրագրի կողմից ստեղծվել է աշխատաշուկայի ուսումնասիրության և վերլուծության էլեկտրոնային հարթակ՝ «Աշխատաշուկայի իրավիճակի վերլուծություն-մոնիտորինգ», որը հնարավորություն է ընձեռում արդյունավետ համագործակցելու ՄԿՈւ հաստատություններին և ձեռնարկություններին՝ տեղեկատվություն տրամադելով աշխատաշուկայում պահանջված մասնագիտությունների, թափուր աշխատատեղերի, մասնավոր ընկերություններում պրակտիկայի տեղերի տրամադրման, ուսանողների կամ պրակտիկանտների, աշխատանք փնտրող մասնագետների վերաբերյալ և այլն: Մշակվել է համապատասխան հարցաշար, որի միջոցով տարին մեկ (հնարավոր է երկու) անգամ կատարվում է ուսումնասիրություն՝ բացահայտելու աշխատաշուկայի կարիքներն ու պահանջները մասնագիտական կադրերի և ՄԿՈւ հաստատությունների նկատմամբ:

2017-2018թթ. ընթացքում երկու անգամ կատարվել է ծրագրով ընտրված 4 ոլորտների կազմակերպությունների հարցումներ: Հարցումների վերլուծության արդյունքում մեզ պարզվել է նշված ոլորտներում գործատուների կողմից անհրաժեշտ մասնագիտական կադրերի պակասը (խոհարար, տակառագործ, տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրզմի և սպասարկման ոլորտի տարբեր  մասնագետներ և այլն), ինչն էլ հնարավորություն ստեղծեց ծրագրի երկրորդ ուղղության միջոցառումների ստեղծման և  իրականացման համար:

Ծրագրի շրջանակում իրականացված աշխատուշուկայի ուսումնասիրության մոնիթորինգային համակարգի ստեղծման արդյունքում պարզ դարձան աշխատաշուկայում առավել պահանջված որոշ մասնագիտություններ, նույնիսկ այնպիսիք, որոնց ուղղությամբ ՄԿՈւ հաստատություններում մասնագիտական ուսուցում չի կազմակերպվում։ Այդ նպատակով ՄԿՈւ ծրագրի շրջանակում ԲԿԳ Հիմնադրամի աջակցությամբ իրականացվեց տակառագործի և դարբնի մասնագիտությունների ուսումնական-մեթոդական ձեռնարկների մշակումն  ու տպագրությունը՝ համապատասխան ՄԿՈւ հաստատություններում դասավանդելու համար։

Ներկայումս իրականացվում է դպրոցների աշակերտների և ՄԿՈւ հաստատությունների ուսանողների կողմից մուլտիպլիկացիոն/անիմացիոն ֆիլմերի ստեղծման մրցույթ՝ «Միջին մասնագիտական կրթության կարևորության իմ տեսակետը» խորագրով, որին մասնակցում են շուրջ 20 ուսանողներ և աշակերտներ ՀՀ տարբեր մարզերից։ Միջոցառման նպատակն է բարձրացնել մասնագիտական կրթության և ուսուցման դերն ու նշանակությունը երիտասարդների, ծնողների շրջանում՝ խրախուսելով ուսանողների կողմից ստեղծագործական ներկայացումը մասնագիտական կրթության կարևորության վերաբերյալ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով։

Կատարվող աշխատանքները բազմաթիվ են և շարունակական։

Ողջունելով համաժողովի մասնակիցներին ՀՀ ԿԳՄՍ նախարարության  Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը հանդես եկավ  ,,Հայաստանում ՆՄՄԿՈՒ բարեփոխումները, ՆՄՄԿՈՒ գերակայությունները, խնդիրները, դրանց լուծմանն ուղղված քայլերը՛՛ զեկույցով։ Ա. Աղբալյանը ևս նշեց ՄԿՈւ ոլորտում շահագրգիռ կողմերի ներգրավվածության կարևորությունը, ինչպես նաև դոնոր կազմակերպությունների կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերի նշանակության մասին։ Նա նշեց, որ համագործակցությունը գերմանական ՄԿՈւ ծրագրի հետ կլինի շարունակական ի նպաստ կրթության բարելամանը։

Ամփոփելով համաժողովի աշխատանքը՝ մասնակիցները մեկ անգամ ևս կարևորեցին պետական կառույցների և մասնավոր հատվածի համագործակցության անհրաժեշտությունը, մասնավորապես, մարզերում տնտեսական միջավայրի զարգացման, կրթություն-տնտեսություն երկխոսության ստեղծման, դրանով  պայմանավորված՝ աշխատաշուկայում պահանջված մասնագիտությունների վեր հանման, աշխատատեղերի ստեղծման ու ապահովման, մարզերում մասնագիտական կադրերի պատրաստման հարցերում։ Ինչն էլ կնպաստի Հայաստանում ներքին և արտաքին միգրացիայի կանխարգելմանը։