ՀՏՀ

Հարց 1. Հայաստանում շարունակական կրթության համակարգում ո՞ր օղակն է պատրաստում արհեստագործական կադրեր, որտե՞ղ կարող է կազմակերպվել նախնական մասնագիտական կրթություն:
Պատասխան. Հայաստանում արհեստագործական կադրեր են պատրաստվում նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում` արհեստագործական ուսումնարաններում, ինչպես նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում` քոլեջներում: Բանվորական կադրեր կարող են պատրաստվել նաև կազմակերպությունների ուսումնական կենտրոններում, քրեակատարողական հիմարկներում:

Հարց 2. Ապագայում ի՞նչ բարեփոխումներ են նախատեսվում նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգում:
Պատասխան. Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգում բարեփոխումների իրականացման շնորհիվ ստեղծվելու է մասնագիտական կրթության բաց և ժողովրդավարական համակարգ, ապահովվելու է անձի շարունակական կրթությունը, էապես բարելավվելու է կրթական ծառայությունների որակը և դրանց համապատասխանությունը տնտեսության և աշխատանքի շուկայի կարիքներին: Կբարձրանա կրթության ոլորտում իրականացվող ծախսերի արդյունավետությունը, կռացիոնալացվի մասնագիտական ուսումնական հաստատությունների կառավարումը և ղեկավարումը, կամրապնդվի սոցիալական գործընկերությունը, առավել լիարժեք կդառնա կրթության բնագավառի ինտեգրումը միջազգային զարգացումներին, հնարավորություն կընձեռնվի կազմակերպել աշխատողներին և գործազուրկներին ուսուցումը ողջ կյանքի ընթացքում:

Հարց 3. Ինչպիսի՞ ուսումնական հաստատություններ են միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները և արհեստագործական ուսումնարանները: Ո՞րն է դրանց տեղը ՀՀ կրթական համակարգում:
Պատասխան. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունները` քոլեջները և նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունները` արհեստագործական ուսումնարանները` համապատասխանաբար միջին և նախնական մասնագիտական (արհեստագործական) հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրեր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատություններ են: Մասնագիտական կրթական ծրագրերը նպատակաուղղված են կրթության հանրակրթական և մասնագիտական մակարդակների հաջորդակայնության միջոցով համապատասխան որակավորման մասնագետների պատրաստմանը, կարողությունների և հմտությունների ձևավորմանը, գիտելիքների ծավալի ընդլայնմանն ու որակավորման բարձրացմանը:
Արհեստագործական ուսումնարանները և քոլեջները Հայաստանի Հանրապետության շարունակական կրթության համակարգի անբաժանելի մասն են և միջանկյալ դիրք են զբաղեցնում հանրակրթություն և բարձրագույն մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունենրի միջև:

Հարց 4. Ովքե՞ր կարող են ընդունվել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:
Պատասխան. Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել հիմնական ընդհանուր, միջնակարգ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցող անձինք, ինչպես նաև օտարերկրյա պետությունների քաղաքացիներ: Վերջիններս կարող են ուսումնական հաստատություններ ընդունվել «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների ուսուցման մասին կարգի» համաձայն:

Հարց 5. Ովքե՞ր կարող են ընդունվել արհեստագործական ուսումնարաններ:
Պատասխան.Աարհեստագործական ուսումնարաններ կարող են ընդունվել ինչպես հիմնական ընդհանուր, այնպես էլ միջնակարգ կրթություն ունեցող անձինք` առանց տարիքի սահմանափակման:

Հարց 6. Ինչպե՞ս է իրականացվում ընդունելությունը նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում:
Պատասխան. Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ընդունելությունը կատարվում է ընդունելության քննությունների արդյունքների հիման վրա՝ այդ ուսումնական հաստատությունների ընդունելության կանոններով սահմանված մրցույթի պայմանների համաձայն: Ընդունելությունը վճարովի ուսուցմամբ տեղերում, բացառության արվեստի և առողջապահական մասնագիտությունների գծով, կատարվում է առանց քննությունների՝ միջնակարգ կրթության ատեստատի (հիմնական ընդհանուր կրթության վկայականի, մասնագիտական տեխնիկական կրթության դիպլոմի ներդիրի) առարկաների գնահատականների հիման վրա:

Հարց 7. Ի՞նչպես են կազմակերպվում միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության քննությունները:
Պատասխան. Ընդունելության քննությունները կազմակերպվում են միջին մասնագիտական ուսումնական հաստատություներում` ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգով: Ընդունելության քննություններն անցկացնում են առարկայական քննող հանձնաժողովները` գիտելիքների գնահատման միասնական չափանիշների հիման վրա՝ Նախարարության հաստատած համապատասխան ծրագրերի շրջանակներում: Նախատեսված են ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր քննություններ:

Հարց 8. Ինչպիսի՞ մասնագիտություններ են ուսուցանվում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և արհեստագործական ուսումնարաններում:
Պատասխան. Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսուցանվում են հումանիտար, կրթական ոլորտի, առողջապահության, մշակույթի և արվեստի, տնտեսագիտության և կառավարման, երկրաբանության, էներգետիկայի, տեխնոլոգիական, սարքաշինության, ինֆորմատիկայի և հաշվողական տեխնիկայի, սպասարկման, տրանսպորտի շահագործման, քիմիական, պարենամթերքի, սպառողական ապրանքների տեխնոլոգիաների, շինարարության, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պահպանման, չափագիտության, ստանդարտացման և որակի հսկման ուղղվածություն ունեցող շուրջ 110 մասնագիտության գծով:

Հարց 9. Աշխատանք գտնելու ինչպիսի՞ հեռանկար ունեն միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և արհեստագործական ուսումնարանների շրջանավարտները:
Պատասխան. Մինչև վերջին տարիները արտադրության անկման, մասնագետների պահանջարկի կտրուկ նվազման և ձեռնարկությունների սեփականաշնորհման հետևանքով միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտները լուրջ դժվարություններ ունեին համապատասխան աշխատանք գտնելու խնդրում: Սակայն արդեն այսօր, հանրապետության տնտեսության աշխուժացման, սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման, սոցիալական գործընկերության և գործատուների խավի ձևավորման պայմաններում միջին մասնագիտական և արհեստագործական ուսումնական հաստատությունների շրջանավարտների պահանջարկն աշխատանքային շուկայում էապես ավելանալու միտում ունի:

Հարց 10. Արդյո՞ք տարածքային կառավարման և ինքնակառավարման մարմինները ֆինանսական հատկացումներ են կատարում միջին և նախնական մասնագիտական կրթության համակարգում:
Պատասխան. Միջին մասնագիտական կրթության համակարգում տարածքային կառավարման և ինքնակառավարման մարմինները ֆինանսական հատկացումներ չեն կատարում: Հաստատություների ֆինանսական միջոցերը գոյանում են հիմնականում պետական բյուջեի հատկացումներից, վճարովի ուսուցման կազմակերպումից, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության իրականացումից:

Հարց 11. Ովքե՞ր կարող են աշխատել միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որպես դասախոս:
Պատասխան. Միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում դասախոս կարող են աշխատել համապատասխան բարձրագույն կրթություն ունեցող անձիք: Բացառիկ դեպքերում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում կարող են աշխատել նաև մասնագիտական գիտելիքներին խորը տիրապետող միջին մասնագիտական կրթություն ունեցող անձիք:

Հարց 12. Կրթության իրականացման ի՞նչ ձևեր են կիրառվում միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում և արհեստագործական ուսումնարաններում:
Պատասխան. Ներկայումս միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում իրականացվում են առկա (ստացիոնար) և հեռակա կրթության ձևերը: Նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններում կիրառվում է միայն առկա (ստացիոնար) ուսուցում:

Հարց 13. Թույլատրվում են արդյո՞ք տեղափոխություններ մեկ ուսումնական հաստատությունից մյուսը:
Պատասխան. Տեղափոխությունները մեկ ուսումնական հաստատությունից մյուսն իրականացվում են միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների փոխադարձ համաձայնությամբ: Առաջին կուրսի ուսանողների տեղափոխություններ չեն թույլատրվում: Չի թույլատրվում նաև ոչ պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողների տեղափոխություն պետական միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:

Հարց 14. Ձեռնարկատիրական գործունեություն ի՞նչ տեսակներ կարող է իրականացնել ՄՄՈՒՀ-ը:
Պատասխան. Միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունը, որպես պետական ոչ առևտրային կազմակերպություն, կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները՝

  1. նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթության, ընդհանուր (լրիվ) միջնակարգ կրթության (ավագ դպրոց) կազմակերպումը,
  2. արտադպրոցական դաստիարակության կազմակերպումը,
  3. նախապատրաստական դասընթացների կազմակերպումը,
  4. դասընթացների կազմակերպումը,
  5. կադրերի վերապատրաստումը, վերաորակավորումը և որակավորման բարձրացումը,
  6. արտադրական գործունեություն, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում, կենցաղային արտադրատեսակների և անձնական օգտագործման իրերի նորոգում,
  7. հրատարակչական գործունեությունը,
  8. սովորողների սննդի կազմակերպումը,
  9. հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղի կազմակերպումը և սպասարկումը,
  10. սպորտի բնագավառի այլ գործունեություն:

Նորություններ

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

23316729_539968643003075_8744022161590351188_n

Օրերս Կապանի լեռնահարստացման կոմբինատի գլխավոր տնօրենի անձնակազմի գծով տեղակալ Սերգեյ Սմոլնիկովը և գլխավոր տեխնոլոգ Օլեգ Ստարենկին այցելեցին Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ՝ մասնավոր հատվածի համագործակցությամբ մասնագիտական կրթության զարգացմանն աջակցելու նպատակով։

ԱՌՆՈ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՔՈԼԵՋԸ ՏՈՆՈՒՄ Է ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 50 ԱՄՅԱԿԸ

4

Օրերս Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջի 50-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ քոլեջի դասախոսների համերգը:

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐԸ ՔՈԼԵՋՈՒՄ

новый коллаж

Օրերս Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում տեղի ունեցավ Երիտասարդության և Ուսանողության միջազգային օրվան նվիրված միջոցառում-ցերեկույթ: