Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգը ձևավորվել է դեռևս 20-րդ դարի սկզբին: 20-րդ դարի 80-ականների վերջին հասնելով իր զարգացման գագաթնակետին` այն կտրուկ վայրէջք ապրեց և կորցրեց իր երբեմնի նշանակությունը 90-ականների կեսերին սոցիալ-տնտեսական ճգնաժամ ապրող այնպիսի երկրի համար, ինչպիսին Հայաստանի Հանրապետությունն էր: Դրան էապես նպաստեց նաև համապատասխան օրենսդրական և նորմատիվ փաստաթղթերի բացակայությունը:
1999թ. Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Կրթության մասին» ՀՀ օրենքը, որը հիմք հանդիսացավ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության հետագա զարգացման համար: Այնուհետև, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից մշակվեց և ՀՀ կառավարության կողմից 2004թ. հավանության արժանացավ «ՀՀ նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության և ուսուցման ռազմավարությունը», որի հիման վրա մշակվեց և ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2005թ. ընդունվեց ոլորտը կարգավորող հիմնական իրավական փաստաթուղթը` «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքը: Նույն թվականին ընդունվեց նաև «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը, որով հնարավություն տրվեց նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում ներգրավել նաև կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող անձանց: 2008թ. ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացան նաև «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության զարգացման հայեցակարգը» և «Կայուն զարգացման ծրագիրը»:
Ոլորտում առաջին քայլերն են կատարվում նաև սոցիալական գործընկերության զարգացման ուղղությամբ, որի արդյունքում 2009թ. ձևավորվեց և ՀՀ կառավարության հավանությանն արժանացավ «Հայաստանի Հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական գործընկերության հայեցակարգը»: