Գործնական դասընթացների կազմակերպման ձեռնարկներ
ՀՀ կրթության և գիտության նախարարության 2010 թ. մասնագիտական կրթության զարգացման քաղաքականության շրջանակում, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի կողմից մշակվել և հրատարակվել են հետևյալ ուսումնական ձեռնարկները և ուղեցույցները.
Կարողություններին միտված պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնառության գործընթացի կազմակերպման և իրականացման ուղեցույց
«Կարողություններին միտված պետական կրթական չափորոշիչներին համապատասխան ուսումնառության գործընթացի կազմակերպման և իրականացման» ուղեցույցում ներկայացված են ՄԿՈՒ ոլորտում կարողություններին միտված պետական կրթական չափորոշիչների ներդրման և դրանց համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպման և իրականացման հետ կապված առանցքային հարցերի վերաբերյալ գործնական նշանակություն ունեցող մանրամասներ:
ՈՒղեցույցը կարող է օգտակար լինել ՄԿՈՒ հաստատությունների ղեկավար և մանկավարժական աշխատողների, ինչպես նաև արդյունքներին միտված մասնագիատական կրթության կազմակերպման և իրականացման հարցերով:
Հավելված 1
Հավելված 2
Հայոց լեզվի գործնական վարժություններ
«Հայոց լեզվի գործնական վարժություններ» ուսումնական ձեռնարկը ներառում է ժամանակակից հայոց լեզվի դասընթացին առնչվող առաջադրանքներ` հնչյունաբանության, բառագիտության, ձևաբանության, շարահյուսության հարցաշարեր` ուսումնական ծրագրին համապատասխան: Ձեռնարկում ընդգրկված են այնպիսի առաջադրանքներ, որոնք հնարավորինս ապահովում են ուսանողի անհրաժեշտ գիտելիքների գործնական իրացումը: Վարժությունների բովանդակային հիմքը ծրագրային դասագրքերն են:
Ձեռնարկում ընդգրկված են նաև հարակից այլ նյութեր` հիմնականում ծանուցիչ նպատակով:
ՈՒղևորատար ավտոմոբիլային փոխադրումների կազմակերպում և կառավարում
«ՈՒղևորատար ավտոմոբիլային փոխադրումների կազմակերպում և կառավարում» ձեռնարկը ընդգրկում է ժամանակակից ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումների տեխնոլոգիայի, կազմակերպման և կառավարման հարցերը: Ձեռնարկում հատուկ ուշադրության են արժանացել ուղևորահոսքերի ուսումնասիրության, շարժակազմի տեսակի և տիպի ընտրության հարցերը, ավտոմոբիլային տրանսպորտի դերն ուղևորատար փոխադրումների զարգացման բնագավառում, վարորդների և ավտոբուսների աշխատանքային ռեժիմը, վարորդների հանգստի կազմակերպման գրաֆիկով վերլուծական եղանակը, երթևեկության չվացուցակի կազմման և ավտոմատացման խնդիրները: Լուսաբանվել են կարգավարական կառավարման և ուղևորների սպասարկման որակի բարձրացմանն առնչվող հարցերը:
Ձեռնարկից կարող են օգտվել ուղևորատար ավտոմոբիլային փոխադրումներ կազմակերպող ղեկավարները, մասնագետները, բուհերի ուսանողները:
Բեռնատար ավտոմոբիլային փոխադրումների տեխնոլոգիա. կազմակերպում և կառավարում
«Բեռնատար ավտոմոբիլային փոխադրումների տեխնոլոգիա. կազմակերպում և կառավարում» ձեռնարկը ՄԿՈՒ համակարգի սովորողների համար նախատեսված խնդիրների ժողովածուն հայերեն լեզվով գրված առաջին խնդրագիրքն է: Ձեռնարկն ընդգրկում է տրանսպորտային միջոցների բեռնատարության օգտագործմանը, ավտոտրանսպորտային կազմակերպության աշխատանքի հիմնական ցուցանիշներին, շարժակազմի երթևեկության կազմակերպմանն ու բեռնափոխադրումների տեխնոլոգիային, բեռնման-բեռնաթափման աշխատանքների մեքենայացմանը և պահեստային օպերացիաներին վերաբերող խնդիրներ:
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
«Ճանապարհային երթևեկության անվտանգություն» ուսումնական ձեռնարկում
ներկայացված են ճանապարհային երթևեկություն համակարգի վարորդ, ավտոմոբիլ, ճանապարհ, միջավայր բաղադրամասերը, ճանապարհային ոստիկանության գործառույթներն ու խնդիրները, ավտոմոբիլի ակտիվ, պասսիվ, հետվթարային ու էկոլոգիական անվտանգությունը լուսաբանող հարցերը, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու նրանց վերլուծության եղանակները, ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ կանխատեսումներ և գլոբար տվյալներ:
Ձեռնարկը նախատեսված է «Փոխադրումների կազմակերպում և կառավարում ավտոմոբիլային տրանսպորտում» մասնագիտությամբ սովորողների համար:
Մեքենայական աշխատանքների կազմակերպումը ֆերմերային տնտեսություններում
«Մեքենայական աշխատանքների կազմակերպումը ֆերմերային տնտեսություններում»
ուսումնական ձեռնարկում շարադրված են գյուղատնտեսության արդի վիճակը Հայաստանում, լեռնային երկրագործության պայմաններում ֆերմերային տնտեսությունների կազմավորման և զարգացման հնարավորությունները, գիտականորեն հիմնավորված նոր տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման անհրաժեշտությունը: Մանրամասն շարադրված են լեռնալանջերի յուրացման, բուսաբուծական և անասնապահական մթերքների արտադրության հիմնական տեխնոլոգիական մեքենայական գործընթացները, տեխնիկական միջոցների ընդունման և ձեռք բերման եղանակները:
Գիրքը կարող է օգտակար լինել ֆերմերների և գյուղատնտեսության ոլորտում աշխատող մասնագետների համար:
Էլեկտրական սարքավորումների մոնտաժում և նորոգում
«Էլեկտրական սարքավորումների մոնտաժում և նորոգում» ուսումնական ձեռնարկը պարունակում է նյութեր, որոնք վերաբերում են էլեկտրական սարքավորումների մոնտաժման և վերանորոգման ընդհանուր պահանջներին և տեխնիկական կանոնագրերին: Ձեռնարկում ներկայացվել է էլեկտրամոնտաժային աշխատանքների կատարման հիմնական առանձնահատկությունները, փաստաթղթային ձևակերպումները: Սույն ձեռնարկում տեղ են հատկացվել նաև հաղորդալարերի, մալուխների, օդային գծերի և հաղորդաձողերի, մոնտաժման, միացման, ճյուղավորման միացումների տեսակները և կատարման տեխնոլոգիաները: Մեջ են բերվել տեղեկատվական տվյալներ` աղյուսակների ձևով:
Փականագործ-սանտեխնիկա
«Փականագործ-սանտեխնիկա» ձեռնարկը ներառում է սանիտարարտեխնիկական նյութերի, սարքերի ու սարքավորումների, փականագործական աշխատանքների, ջեռուցման, ներքին ջրամատակարարման և օդափոխման համակարգերի, վերանորոգման հիմնական դրույթները: Սույն ձեռնարկը կարող է օգտակար լինել շինարարական մասնագիտություն ստացող ուսանողների, շինարարության բնագավառի աշխատողների, ինչպես նաև ինքնուս սովորողների համար:
Էլեկտրական մեքենաներ և տրանսֆորմատորներ
«Էլեկտրական մեքենաներ և տրանսֆորմատորներ» ձեռնարկում տրված են ընդհանուր տեղեկություններ էլեկտրական մեքենաների մասին, ինչպես նաև ներկայացվել են տրանսֆորմատորների և ասինխրոն մեքենաների նշանակությունը, դասակարգումը, կառուցվածքային առանձնահատկությունները, աշխատանքային ռեժիմները, բնութագրերը, շարժիչների թողարկման և արագության կարգավորման եղանակները: ՈՒսումնական ձեռնարկը էլեկտրատեխնիկական, էներգետիկական և հարակից մասնագիտություններն ուսումնառող ուսանողների, ինչպես նաև այդ համակարգի մասնագետների համար:
Սալիկապատման և երեսապատման աշխատանքներ
«Սալիկապատման և երեսապատման աշխատանքներ» ձեռնարկում շարադրված են սալիկապատման-երեսապատման աշխատանքների տեխնոլոգիաները, տեղեկություններ են տրված ժամանակակից կերամիկական սալիկների, սալիկապատման աշխատանքներում կիրառվող նյութերի և գործիքների մասին: Յուրաքանչյուր բաժնի վերջում տեղադրված հարցերը, ինչպես նաև գծագրերը և հավելվածային բաժինը կօգնեն նյութի հիմնական յուրացմանը:
Ապահովագրության հիմունքներ
«Ապահովագրության հիմունքներ» ձեռնարկը ընդգրկում է ապահովագրության հիմնարար սկզբունքները, ապահովագրության իրավական, գործնական և կիրառական հիմնական հարցերը: Ձեռնարկը նախատեսված է ՄԿՈՒ համակարգի ուսանողների, ապահովագրական ընկերությունների մասնագետների, վերապատրաստում անցնող ունկնդիրների, ինչպես նաև ապահովագրության վերաբերյալ գիտելիքներ ստանալ ցանկացողների համար:
Կրթական համակարգն արտասահմանյան առաջավոր երկրներում

«Կրթական համակարգն արտասահմանյան առաջավոր երկրներում» ձեռնարկից կարող են օգտվել ՄԿՈՒ համակարգի ուսանողները, ինչպես նաև ընթերցողների լայն շրջանակը:
2009 թ. Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի կողմից մշակվել և հրատարակվել են մի շարք դասագրքեր, առարկայական և ուսումնածրագրային մշակումներ, տեսական և գործնական դասընթացների կազմակերպման ձեռնարկներ, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորև.
2009թ. հատարակվել է Եղիշե Մելիքսեթյանի հեղինակած «Ոսկերչական գործ» ուսումնական ձեռնարկը, որը բաղկացած է ընդհանուր
մասնագիտական տեղեկություններ պարունակող առաջաբանից, բազմակողմանի և նեղ մասնագիտական տեղեկություններ պարունակող տասներկու գլխից, երեք հավելվածից և գրականության ցանկից: «Ոսկերչական գործ» ուսումնական ձեռնարկն ամենայն մանրամասնությամբ ներկայացնում է Հայաստանում ոսկերչության դերն ու նշանակությունը, սկսած վաղնջական ժամանակներից, տարածաշրջանին բնորոշ մետաղները և դրանց հատկությունները, ինչպես նաև սխեմաների և ցուցանմուշների տեսքով ներկայացնում է զարդերի պատրաստման ընթացքն ու առանձնահատկությունները: Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը ձեռնարկը հրատարակել և անվճար հատկացրել է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական այն հաստատություններին, որտեղ տվյալ կրթական ծրագրով իրականացվում է դասավանդում: «Ոսկերչական գործ» ուսումնական ձեռնարկը կարող եք ներբեռնել նաև այստեղ:
Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնը 2009թ. ընթացքում հրատարակել և
անվճար համապատասխան ուսումնական հաստատությունների է հանձնել Գագիկ Երիցյանի հեղինակած «Բեռնատար ավտոմոբիլային փոխադրումների տեխնոլոգիա, կազմակերպում և կառավարում» ուսումնական ձեռնարկը: Հեղինակը ներկայացնում է ինչպես բեռնագիտության տեսական հիմունքները, տնտեսության ու տրանսպորտի փոխազդեցությունը, բեռնատար ավտոմոբիլի և ավտոտրանսպորտային ձեռնարկության հիմնական տեխնիկաշահագործական ցուցանիշները, երթուղիների հաշվարկի մեթոդները, այնպես էլ շարժակազմի երթևեկության կազմակերպման, բեռնարկղային, փաթեթային փոխադրումների, տրանսպորտա-պահեստային և բեռնման-բեռնաթափման աշխատանքների, փոխադրումների կառավարման հետ կապված հարցեր: «Բեռնատար ավտոմոբիլային փոխադրումների տեխնոլոգիա, կազմակերպում և կառավարում» ուսումնական ձեռնարկը կարող եք ներբեռնել նաև այստեղ:
Ի թիվս այլ հրատարակությունների, 2009թ.-ին ՄԿՈՒԶԱԿ-ի կողմից պատվիրվել և տպագրվել է «Էկոլոգիական
դաստիարակության հիմունքներ» ուսումնական ձեռնարկը, որը նախատեսված է միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար: Ինչպես մյուս, այնպես էլ սույն ձեռնարկը տպագրվել է Կրթության ազգային ինստիտուտի մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի կողմից և անվճար բաժանվել է ուսումնական հաստատություններին' ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական համակարգի բարեփոխումների քաղաքականության համատեքստում: Էկոլոգիական դաստիարակության հիմունքներ» ուսումնական ձեռնարկը կարող եք ներբեռնել նաև այստեղ: